Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Արտահերթ ընտրությունների արտակարգ խորհրդարանը

Արտահերթ ընտրությունների արտակարգ խորհրդարանը
15.01.2019 | 02:32

Ազգային ժողովի 7-րդ գումարումը մեկնարկեց երեկ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ, հանրապետության նախագահի տպավորիչ ելույթով և հայ հասարակության աննկարագրելի ոգևորվածությամբ: Լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումների մեկաբանությունների բաժնում սրտակեղեք խոսքեր, գովասանքի շռայլումներ, փրկչական առաքելության մասին գրառումներ եղան: Մարդիկ հիացած գրում էին, թե ինչ են տեսել նախկինում, ինչ են տեսնում այժմ:


Խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում Ազգային ժողովի ամբիոնը համարվում է երկրի թիվ մեկ հարթակը, որտեղից պատգամավորները պետականաշինության ու պառլամենտարիզմի մասին պետք է խոսեն, աշխատեն օրնիբուն, տքնեն, օրենքներ գրեն ու ջնջեն, մշակեն, քննարկումների մեջ լինեն, քննադատեն ու քննադատվեն: Նայելով խորհրդարանի հատկապես «Իմ քայլը» խմբակցության կազմին՝ բնավ այդ տպավորությունը չեմ ստանում: Խստագույնս տարակուսում եմ, որ նրանք հստակ պատկերացում ունեն պառլամենտարիզմի, խորհրդարանական խառը կառավարման կամ մաժորիտար համակարգի, Դոնթի բանաձևի, հանձնաժողովներում տարվող աշխատանքների և այլնի մասին: Սրանք դեռ տարրական բաներ են, որ քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրած յուրաքանչյուր ոք պարտավոր է իմանալ: Վերջիններս կարճ ժամանակ անց քաջատեղյակ կլինեն խորհրդարանական գործուղումների, ԱԺ նիստերից հերթով բացակայելու ներքին պայմանավորվածության մասին, չեն մոռանա նաև պարբերաբար դիտարժան հայտարարություններ անել թավշյա հեղափոխության մասին, ՀՀ քաղաքացուն ևս մեկ անգամ հիշեցնել, որ նա մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ: Դիտարժան երևույթների պակաս առհասարակ չուներ այս ամբողջ գործընթացը՝ ապրիլից մինչև խորհրդարանի ձևավորում: «Դմփ-դմփ-հու»-երով, անհասկանալի բառերով հնդկական երգի տակ աֆրիկական վայրի ցեղերին բնորոշ անկանոն շարժում-պարերով ու պատգամավորներին շարքային քաղաքացիների կողմից մանդատներ հանձնելու արարողությունով շաղախված համալիր գործընթացը կարծես լիրիկական տեսարաններով ֆիլմ լիներ՝ առանց քաղաքական բովանդակության: «Հեղափոխություն» անունը ստացած իշխանափոխությունից հետո արտահերթ ընտրությունները հայաստանյան քաղաքական դաշտում արտահերթ օրակարգ ու ասելիք, բովանդակություն ու որակ այդպես էլ չբերեցին: Ընտրություններից հետո դրանց մասնակցող կուսակցությունների մեծ մասը նորից խոր թմբիրի մեջ հայտնվեց, բացառապես ընտրություններին մասնակցելու համար հրապարակ նետված ուժերը մոռացության մատնվեցին, իսկ բոլոր նրանք, որոնք մանդատատենչությամբ էին տառապում, փորձված ու ավանդական մեթոդներով հասան իրենց նպատակին՝ տաքուկ անկյուն գտնելով այժմ էլ նորեկների հովանու ներքո:


Խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ունեցող թիմը կարճ ժամանակ անց, կարծում եմ, ոչնչով չի տարբերվելու նախորդ իշխանությունից: Նախորդների նման նույնպես «Իմ քայլը» խմբակցությունում լինելու են մեկ-երկու պատգամավորներ, որոնք իրենց ուսերին են տանելու մեծամասնության պատասխանատվությունը: Հարցազրույցներ տալուց խուսափելու են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվածները, իսկ որոշ ժամանակ անց հասարակությունը հասկանալու է, որ Ազգային ժողովի կեսը կամ կեսից ավելին ընդամենը կոճակ սեղմող է: Արտաքնապես գեղեցիկ, խնամված բեղ-մորուքով երիտասարդները, տա Աստված, ըմբռնեն պառլամենտարիզմի նշանակությունն ու ինքնակրթվեն, աշխատեն, փորձեն հասկանալ` որտեղ են հայտնվել, այլապես շաբաթն ուրբաթից շուտ կգա:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ